ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են բուժկենտրոն։ Կադրերը հրապարակել է 24News-ը։
Ըստ լրատվամիջոցի` Քոչարյանին բուժկենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով, նրան ուղեկցել են ԱԱԾ աշխատակիցները։
«Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում), և հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։
