Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ 070 ծածկագրով անձնագիր ունենալու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու հանգամանքից, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով դա կարելի է անել:
1․ «Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով (դիմումի ձևը տե՛ս մեկանաբանություններում)։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։
2․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։
3․ Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
4․ Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում»,-ասվում է գրառման մեջ:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։
Panarmenian.net
