Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն «3+3» հարթակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հաջորդականությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3 հարթակի փորձագիտական առաջին նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն կողմ են հանդես եկել կենտրոնանալու կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք նման մոտեցումը»,– հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳՆ ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Բայրամովը հայտարարել է, որ համաձայնության գալ չի հաջողվել, քանի որ հայկական կողմը չի համաձայնել այս հաջորդականությանը։
Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է 3+3 ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը բաց է մնում Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
Sputnik Արմենիա
