Логотип

Թաթոյան․ Հայց ենք պատրաստում ընդդեմ Իոաննիսյանի և Հանրային հեռուստաընկերության

Զրպարտության համար հայց ենք պատրաստում ընդդեմ Դանիել Իոաննիսյանի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության, սոցցանցերում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Իշխանությունները լայնածավալ արշավ են սկսել մեր դեմ՝ հստակ սխեմայով սուտ տարածելով։ «Կովկասյան խրոնիկա» կասկածելի կայքը տեղեկություններ է տարածում, թե մեզ ֆինանսավորում է ռուս գործարար։ Բացի դրանից, «Դոսյե» կայքը մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեց, որ մեզ ֆինանսավորում են ռուսական աղբյուրները։ Դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանը ծիծաղելի հոդվածներով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մեր դեմ։ Հաղորդման մեջ ամեն ինչ ներկայացված է այնպես, իբր մենք 920 միլիոն դրամի չափով ռուսական ֆինանսավորում ենք ստացել»,-հայտարարել է Թաթոյանը։

Նա խոստացել է հրապարակել իրենց կուսակցությունը ֆինանսավորող անձանց ցուցակը, եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնն անի։

Հիշեցնենք՝ մեկ օր առաջ Թաթոյանն արդեն հայտարարել էր, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից։

Այսպես էր նա պատասխանել «Անկախ դիտորդ» դաշինքի այն հաղորդագրությանը, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով՝ հղում անելով «Դոսյե» կենտրոնին։

Sputnik Արմենիա