Логотип

Թրամփը կրկին հայտնել է ծովային շրջափակման մասին, Իրանի ԶՈւ-ն պատասխանել է

ԱՄՆ-ն կրկին ծովային շրջափակման է ենթարկել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` միաժամանակ նշելով, որ մյուս երկրները կկարողանան ազատ օգտվել Հորմուզի նեղուցից։

Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը՝ նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:

«ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան», սակայն 20% փոխհատուցում կստանա բոլոր տեղափոխված բեռների համար՝ որպես աշխարհի այս խիստ անկայուն տարածաշրջանի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցում», – գրել է Սպիտակ տան ղեկավարը «Truth Social» սոցիալական ցանցում:

Իրանի զինուժն իր հերթին հայտարարել է, որ թույլ չեն տա` ԱՄՆ-ն միջամտի Հորմուզի նեղուցի կառավարմանը։

Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի նավագնացության անվտանգության ցանկացած խախտման կամ սպառնալիքի, եթե դրանք իրականացվեն սահմանված երթուղիներից դուրս և առանց իրանական իշխանությունների թույլտվության:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կամ լոգիստիկ աջակցության ցուցաբերում Իրանը կդիտարկի որպես իր դեմ պատերազմի ակտ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա