Ռուսաստանն ու Չինաստանը կօգտվեն Հորմուզի նեղուցով անցնելու բարենպաստ պայմաններից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող պետությունները, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը, այսուհետ ևս կօգտվեն Հորմուզի նեղուցի հետ կապված հատուկ մոտեցումից և բարենպաստ պայմաններից»,- ասել է նա։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ և՛ Մոսկվան, և՛ Պեկինը միշտ աջակցել են Թեհրանին ու համագործակցել նրա հետ՝ ամենադժվարին ժամանակահատվածներում մնալով պետության կողքին։ Ուստի, հավելել է Ազիզին, երկու պետություններն էլ հատուկ ուշադրության կարժանանան Հորմուզի նեղուցով նավագնացության և տարանցման կազմակերպման հարցում։ Ինչպես պարզաբանել է խորհրդարանականը, դա վերաբերում է ինչպես առևտրային նավերին, այնպես էլ լցանավերին։
«Հորմուզի նեղուցը առանձնահատուկ աշխարհաքաղաքական նշանակություն ունի մեր համար։ Այն մեր տարածքային ջրերի և մեր աշխարհագրության մի մասն է, ուստի Իրանն իրավասու է դրա վերաբերյալ ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ կհամարի, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այդ իրավունքը»,- եզրափակել է հանձնաժողովի ղեկավարը։
News.am
