Логотип

Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։

Նույն իրավիճակն է նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ։

Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։