ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ տուժողի, այլ ոչ թե մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Այս մասին գրել է նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Նա ֆեյսբուքյան պաշտոնական էջում փաստաթղթեր է հրապարակել՝ շեշտելով, որ դրանք ապացուցում են իր պնդումը։
Խաչատրյանը գրել է, որ համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։
Ըստ այդ փաստաթղթերի՝ 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռնը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։
Ասմիներ անց՝ մայիսի 31-ին, «Մուլտի Գրուպը» Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ։
«Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին»,- գրում է Խաչատրյանը։
Նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված գործերն ընդունվել են դատարանի վարույթ և ստացել օրինական դատավարական ընթացք, ապա հանձնվել նաև պատասխանողներին։ Խաչատրյանի խոսքով՝ սա ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։
Խաչատրյանի խոսքով՝ ներկայացված փաստերն ուղղակի հակասում են ՀՀ քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացվում է` իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։
Պաշտպանական կողմը կրկին պնդում է՝ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:
Sputnik Արմենիա
