ՀՀ կառավարությունը 2026 թվականի պահուստային ֆոնդից 6,9 միլիոն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի և նրա ամուսնու՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարպետ Գուլոյանի, առգրավված գույքի պահեստավորումը կազմակերպելու համար։
Որոշումը կայացվել է կառավարության նիստում՝ դատարանի վերջնական որոշմամբ պետությանը փոխանցված գույքի կառավարման գործընթացի շրջանակներում։
Գույքը կհատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը նշել է, որ բյուջեն կարող է հետագայում լրացուցիչ եկամուտներ ստանալ բռնագանձված բաժնետոմսերից և պարտքային պարտավորություններից։
Գուլոյանից և Ծառուկյանից բռնագանձվել էր Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված 90%-ը, Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասը, ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲ ընկերության 2000 բաժնետոմս, 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 900 դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 դոլարի պահանջի իրավունքը:
Անձամբ Գուլոյանից՝ նաև 934 000 դրամ՝ որպես ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1,2 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի ծագում, 58,1 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։
Դատարանը Ծառուկյանի դստեր ընտանիքից հօգուտ ՀՀ-ի շուրջ 1,3 միլիարդ դրամ, բաժնետոմսեր ու անշարժ գույք բռնագանձելու որոշում էր կայացրել, որի կատարման ակտն ուժի մեջ էր մտել ապրիլին։
2024 թվականի հուլիսին արդեն իսկ դատական իշխանությունը հայտնել էր, որ դատարանը կայացրել էր գույքի բռնագանձման որոշում։
Armenia Today
