Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցերի միջև որևէ կապ չկա. ռուսական կողմի ուղևորության ժամկետները նախապես են համաձայնեցվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով, մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Թրամփի և Պուտինի այցերի միջև որևէ կապ չկա, մենք սովորաբար չինական կողմի հետ նախապես ենք համաձայնեցնում բանակցությունների ժամանակացույցը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը պատմել է, որ Մոսկվան ու Պեկինը նախապես են համաձայնեցրել Չինաստանում հանդիպման ժամկետները։ Բանակցությունների օրերը հաստատվել են փետրվարին՝ Պուտինի և Սի Ծինփինի տեսակապով ունեցած զրույցից անմիջապես հետո։
Միևնույն ժամանակ, Կրեմլից հիշեցրել են, որ Թրամփի այցը Չինաստան ի սկզբանե նախատեսված էր մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։ «Սակայն հետո, որոշակի պատճառներով՝ պայմանավորված իրանական իրադարձություններով, այն հետաձգվել է և նշանակվել մայիսի 13-15-ը, այսինքն՝ ուղիղ մեր պեկինյան ուղևորության նախաշեմին»,- նշել է Ուշակովը։
Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվել է Չինաստանում, որտեղ բանակցություններ է վարել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Ուշակովը նաև հայտնել է, որ բանակցությունների ավարտին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ «Այս պահին դրանց թիվը մոտ 40 է։ Ընդ որում՝ 21 փաստաթուղթ համաձայնեցված է այնպես, որ ստորագրվելու է առաջնորդների ներկայությամբ, իսկ մնացածի մասին պարզապես կհայտարարվի արարողության ժամանակ»։
News.am
