Логотип

ՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի բարձրացումը

Էլեկտրաէներգիայի սակագինն ունի բարձրանալու միտում, և դա ինչ-որ կետից կարող է բերել թանկացման, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Պաշտոնյան չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա թանկացումը, սակայն վստահեցրել է, որ հանձնաժողովն ամեն ինչ անում է, որ դա հնարավորինս ուշ տեղի ունենա։

«Մեր ամբողջ աշխատակազմն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, որ դա չլինի կամ հնարավորինս ուշ լինի, բայց այս պահին մի քիչ դժվարանում եմ ասել (ժամկետները)»,- պատասխանել է Մեսրոպյանը։

Կարգավորողի ղեկավարի խոսքով՝ թանկացման հիմքում են տեխնոլոգիաների մաշվածությունը, տարբեր ներդրումային վարկերի սպասարկման տոկոսների ավելացումը և այլ բացասական պայմաններ։

«Այդտեղ որևէ պետական դավաճանություն, որևէ թոշակառուի կարգավիճակի, հոգեվիճակի մեջ մտնելու խնդիր չկա, ուղղակի դրանք բաներ են պետության կյանքում, որ ժամանակ առ ժամանակ պարզապես պետք է անել և վերջ։ Սակագնի բարձրացումը (թե՛ գազի հետ կապված, թե՛ ջրի հետ կապված, թե՛ էլեկտրաէներգիայի հետ կապված) քարացած գործընթաց չէ, որ հանձնաժողովը որոշի առաջիկա 10 տարիների համար»,- նշել է նա։

Նա հիշեցրել է, որ այդ սակագները վերանայվում են տարին մեկ անգամ և ձևավորվում մի շարք գործոնների հանրագումարից։

«Մեր ձևով» շարժումը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր հոսանքի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին: Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով: Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ընկերության լիցենզիան։

Armenia Today