Логотип

ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց՝ Երևանը ստացել է գազի համաձայնագրի վերաբերյալ ՌԴ-ի նամակը

Երևանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։

Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Խոսքը բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասին է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստան գազի մատակարարման թեման, հայտարարել է, որ արտոնյալ գները Ռուսաստանի կողմից աջակցության տարբերակ են: Նա նշել է, որ ցանկացած զեղչ կատարվում է ռուսական կողմի հաշվին և դիտարկվում է որպես օգնություն եղբայրական երկրին։