ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ծանուցումը ստացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավարի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը:
«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել»,– ասաց Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով` արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։
Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում` այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 24-ին հայկական կողմը հայտնեց, որ Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը։
