Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն»(«Trade over Aid») նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում անցկացված «Trade over Aid» համաժողովում խոսել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականության մասին՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիություն։
Նա անդրադարձել է TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության, ալյև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդման համար։
Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված շրջանակային համաձայնագրում։
«Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց»,- ասված է ԱԳ հաղորդագրության մեջ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ նշելով, որ «123 համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտվել են (2026 թ. փետրվարին հայտարարվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, խմբ․):
Փոխնախարարը խոսել է նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրման մասին։
Trade over Aid նախաձեռնությունը հիմնադրվել է ԱՄՆ կառավարության կողմից ՝ ՄԱԿ-ի կազմակերպությունների աջակցությամբ՝ «դոնորությունից անցում դեպի տնտեսական համագործակցություն» ձևակերպմամբ։
Sputnik Արմենիա
