Логотип

Հայաստանի 2 ընկերությունների թույլատրվել է ձկնամթերք ներմուծել ՌԴ. արգելքը վերացվել է

Իրականացված ստուգումների արդյունքում Հայաստանի ձկնաբուծական 2 ընկերություններ թույլտվություն են ստացել ձկնամթերք ներմուծել Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը։

Նշվում է, որ ՀՀ տեսչական մարմինը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) մայիսի 21-ից 27-ը համատեղ ստուգումներ են իրականացրել հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում։

Հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվել է։

Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:

Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։

Sputnik Արմենիա