Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am կայքից:
Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ։
Համացանցում բաց հարթակներից տեղեկանում ենք, որ Վահագն Մելիքյանն այն դատավորն է, որը 2020 թվականին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Պարզվում է, որ ըստ տեղեկությունների, դրանից առաջ, նրան հրավիրել են ԱԱԾ, որտեղ ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա դատավոր Մելիքյանի հետ կապված: 2025 թվականին, դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո, նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր վարույթը ԲԴԽ ուղարկելու համար, դրան զուգահեռ էլ դիմել էր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։
Sputnik Արմենիա
