Ռուսաստանի նախագահի աշխատակազմում աշխատանքի անցնելու կապակցությամբ Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Sputnik Հարավային Օսեթիան։
Ինչպես քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նշել է Գագլոևը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացման մասին մայիսի 9-ին ստորագրված պայմանագիրը կօգնի օսեթական ժողովրդին կրկին միասնական դառնալ՝ սա կարևոր քայլ է Հարավային և Հյուսիսային Օսեթիաների վերամիավորման ճանապարհին:
Նրա խոսքով՝ օսեթական ժողովրդի պատմական ընտրությունը միշտ եղել է Ռուսաստանի հետ միասնությունը։
«Այսօր խնդիր ունենք իրականանցնել մեր նվիրական երազանքը՝ հաղթահարել բաժանված ժողովրդի ճակատագիրը և վերամիավորվել Հյուսիսային Օսեթիայի հետ, վերամիավորվել Մեծ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նրան առաջարկել է աշխատանքի անցնել ՌԴ նախագահի աշխատակազմում ՝ որպես իր խորհրդական, և աջակցել կողմերի միջև ստորագրված պայմանագրի իրագործմանը:
«Ես աջակցեցի մեր պատմական առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին և պատրաստ եմ կանգնել նրա կողքին», – ասել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ այսօրվանից աշխատանքի է անցնում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և այդ կապակցությամբ վայր է դնում Հարավային Օսեթիայի նախագահի լիազորությունները:
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:
Գագլոևը հանրապետության բնակիչներին կոչ է արել համախմբվել նոր ղեկավարության շուրջ և շարունակել աշխատանքը՝ ի բարօրություն երկրի:
Ուղերձի ավարտին նա շնորհակալություն է հայտնել իր թիմին և հանրապետության բնակիչներին համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Օսեթիայի ժողովրդին ծառայելը համարելով մեծագույն պատիվ իր համար:
Sputnik Արմենիա
