ՀՀ կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։
Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ կառավարության, առաջացել է 65,2 մլն դրամի տարբերություն, որը կառավարությունն առաջարկում է լրացնել բյուջետային վերաբաշխման միջոցով։
Սուբսիդիայի տրամադրումը, ըստ գործադիրի, նախատեսված է Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Դրանով սահմանված է, որ պետությունը մասնակի փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասները, իսկ 2016 թվականից այդ փոխհատուցումը կազմում է հաստատված վնասների 30 տոկոսը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պետական պարտավորությունները՝ առանց պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ ավելացման։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ինհայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
Sputnik Արմենիա
