Логотип

Հեռացրեք․ Փաշինյանը Կոտայքում ոստիկանությանը հրահանգեց հեռացնել ոչ գաղափարակից կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ոստիկանությանը հրահանգեց հեռացնել մի կնոջ, որն իր գաղափարակիցը չէր։ Ավելին, Փաշինյանն անծանոթ կնոջը մեղադրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից գումար վերցնելու մեջ։

«Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք, գնացեք։ Ոստիկանությո՛ւն։ Ոստիկանությունը թող հեռացնի տիկնոջը։ Հեռացրեք, հեռացրեք, հանգիստ հեռացրեք։ Տիկի՛ն, գնացեք, կալուգացու 200 հազարը վայելեք։ Գնացեք, գնացեք, հեն ա` դիմացը խանութ կա, մտեք, 200 հազարի առևտուր արեք։ Ոստիկանությո՛ւն, տարեք սուպերմարկետ, կալուգացին 200 հազար դրամ է տվել, թող մտնի սուպերմարկետ, առևտուրն անի։ Սուպերմարկետ։ Սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իրա էսօրվա 200 հազարի առևտուրը անի»,– հայտարարեց Փաշինյանը։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե ինքն ու իշխող ուժը «ժողովրդի ծառաներն» են, որոնց ընտրողները ցանկացած պահի կարող են փոխել:

«Էսօր նայում են, ասում են՝ արա, նայի՛, պերաշկի ա ուտում։ Հիվանդներ․․․ Հա, դուք սովոր եք։ Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Ասում եմ՝ էս ընտրություններում պերաշկի ուտողները պետք ա ընտրեն պերաշկի ուտողներին, կարտոշկա ուտողները՝ կարտոշկա ուտողներին»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հավելենք, որ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Մայիսի 15–ին, օրինակ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հունից դուրս եկավ, երբ մի կին նրան մեղադրեց հայրենիքը գողանալու մեջ։ Նա սկսեց գոռգոռալ անհետ կորած փոխգնդապետի քրոջը վրա և մեղադրել «նախկիների հետ կապ ունենալու» մեջ։

Sputnik Արմենիա