Логотип

Ղազինյան․ Կառավարության կողմից ՀԷՑ-ի վարկի մարումը խոսում է քիչ ներդրումների մասին

ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ունեցած միջազգային վարկի մարումն ընդամենը խոսում է այն մասին, որ ՀԷՑ–ը վերջին շրջանում ներդրումային ծրագիր կա՛մ չի արել, կա՛մ քիչ է արել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա գրառմանը։

Պետրոսյանը նշել էր, որ օրերս «ՀԷՑ» ՓԲԸ–ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9մլն ԱՄՆ դոլարի չափով մարում են կատարել։ Նրա խոսքով` 2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն ԱՄՆ դոլար (ընդ որում` ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):

Ղազինյանը նշեց, որ ոչ մի զարմանալի բան չկա, երբ ՀԷՑ–ի նման մեծ բիզնեսը վերցում է վարկեր` ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։

«Եթե ընկերությունը ներդրումային ծրագիր չի անում, բնականաբար, գումար է ավելանում, իսկ դա նշանակում է, որ նորմալ ներդրումային ծրագրեր քիչ են իրականացվում։ Մինչդեռ ներդրումային ծրագրերն արվում են էներգետիկ համակարգի հուսալիության համար։ Եթե վարկային միջոցներով վերցված գումարը հավաքվում է ու ներդրում չի կատարվում էներգետիկ համակարգի հուսալիության ապահովման համար, ուրեմն այդ գումարից, այլ ոչ թե շահույթից, կարող են նաև վարկ վճարել։ Հիմա Պետրոսյանի այդ հայտարարությունը, ստացվում է, ուղղակի ժողովրդի աչքին թոզ փչել էր»,– ընդգծեց Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ ՀԷՑ–իսեփականատեր Սամվել Կարապետյանն է իր գրպանից փակում այդ վարկի տոկոսները, այլ ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնից է այն դուրս գալիս, ինչպես փորձում էին ներկայացնել գործող իշխանությունները։ Ի դեպ, տոկոսավճարները էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառելու այդ հայտարարությունները հերքել է նաև ՀԾԿՀ նախագահը։

«Հիմա նման գրառում անելով Պետրոսյանը որտե՞ղ է ուզում հերոսանալ, ես դա չեմ հասկանում»,– ընդգծեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ–ն` անդրադառնալով Պետրոսյանի գրառման այն հատվածին, որտեղ գրել է, թե «վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»։

Ղազինյանը դժվարացավ, ասել, թե այս պահին որքան են կազմում ընկերության վարկային ընդհանուր պարտավորությունները, և թե արդյոք ճի՞շտ թիվ է ներկայացրել Պետրոսյանը, քանի որ «Տաշիր Կապիտալը» արդեն 10 ամիս է, ինչ չի ղեկավարում ՀԷՑ–ը։

Նշենք, որ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը նաև գրել էր, որ այս պահին ՀԷՑ–ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն դոլար: Ըստ նրա` իր ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ՀԷՑ–ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել են մոտ 50 մլն դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)։

Հիշեցնենք, որ ՀԷՑ–ի սեփականատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դեմ դատական հայց են ներկայացրել` պարտավորեցնելով նրան հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկություններն այն մասին, թե իբր ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։

Ի դեպ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ևս, անդրադառնալով Պապոյանի հայտարարությանը, նշել էր, որ մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։