Իրանը չի դադարեցրել նախապատրաստությունը իր տարածքի պաշտպանությանը և պատրաստ է անցնել լայնամասշտաբ պաշտպանության, եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Բանակցությունների ժամանակ ես ԱՄՆ փոխնախագահին հստակ հասկացրել եմ, որ մենք բացարձակապես չենք վստահում ամերիկացիներին: Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կարող են վարել միայն նրանք, ովքեր պատրաստ են պատերազմի: Հետևաբար, մենք երբեք չենք դադարեցրել մեր երկրի պաշտպանության նախապատրաստությունը»,- հայտարարել է Ղալիբաֆը:
Նրա հայտարարությունը հրապարակվել է թելեգրևամյան ալիքում՝ Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի նախագահ Ահմադ Մուզանիի հետ հանդիպման արդյունքներով:
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում Թեհրանը պատրաստ է «վճռականորեն հանդես գալ» ԱՄՆ-ի դեմ և հասնել իրանցի ժողովրդի իրավունքների հարգմանը:
Ղալիբաֆը նշել է, որ պատերազմի դադարեցումը «բոլոր երկրների առաջնահերթությունն է», սակայն ընդգծել է, որ հակամարտությունը, նրա բնորոշմամբ, «երբեք չի ավարտվի Իրանի կապիտուլյացիայով»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի գիշերը ամերիկյան զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին: ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցի շրջանում առևտրային նավերի նկատմամբ Իրանի գործողություններին:
Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան բազաներին հասցված պատասխան հարվածների մասին, իսկ երկրի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են մարտական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չգիտի՝ արդյոք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգեցնի լայնամասշտաբ հակամարտության վերադարձին, սակայն նշել էր, որ ԱՄՆ-ը «հաղթելու բազմաթիվ եղանակներ ունի»։
News.am
