Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացվում են վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցու մասունքները, որը համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորեց ցուցադրությունը Արտաշատում իրականացվող լայնածավալ աշխատանքի համատեքստում։
«Մասնագիտական քննարկումները թույլ կտան շարունակել աշխատանքները և Արտաշատ պատմական մայրաքաղաքի հարուստ ժառանգության մեջ նոր շերտեր բացահայտել։ Պատմական շերտերի և բովանդակության առումով Արտաշատ պատմական մայրաքաղաքը բացառիկ մշակութային ժառանգություն է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հետազոտողների համար»,-ասաց Անդրեասյանը՝ համոզմունք հայտնելով, որ ցուցադրությունն ամփոփում է արդեն կատարված աշխատանքը՝ ստեղծելով նոր մասնագիտական քննարկումների հնարավորություն։
Նախարարը հավաստիացրեց, որ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների, բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաք Արտաշատի հանրայնացման նշանակությունը՝ շեշտելով, որ այն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, ինչպես նաև ռազմավարական նշանակություն հայ հանրության համար՝ սեփական պատմությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը բացառիկ համարեց ցուցադրության կազմակերպումը Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ։
«Այս հայտնագործությունը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն հայկական պատմության, եկեղեցու և կրոնի պատմության, այլև ընդհանրապես վաղ քրիստոնեական շրջանի ուսումնասիրության տեսանկյունից։ Մինչ այս հնագիտական արդյունքը, մենք այս եկեղեցու գոյության մասին գիտեինք մատյաններում պահպանված տեղեկություններից, ձեռագրական վկայություններից։ Եվ այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում այդ վկայությունների յուրօրինակ նյութական հաստատումը։ Ձեռագիր մատյանների փոխանցած տեղեկությունը փաստացի վավերացվում է հնագիտական հայտնագործությամբ։ Սա ևս մեկ կարևոր ապացույց է, որ մեր ձեռագրերում պահպանված տեղեկություններն ունեն պատմական ամուր և հավաստի հիմքեր»,-ասաց Խզմալյանը։
Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է Հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ընդգծեց միջոցառման պատմական նշանակությունն ու բացառիկությունը։
«Առաջին իսկ փաստերն ապացուցեցին, որ գտածոները կարևոր են ոչ միայն Հայաստանի և Գերմանիայի, այլ առհասարակ ամբողջ քրիստոնեական աշխարհի համար։ Բարձր հնագիտական ստանդարտներին համապատասխան վերջին գեոֆիզիկական մեթոդներով կատարված ուսումնասիրությունները բացահայտել են շատ կարևոր գտածոներ Արտաշատում»,-նշեց դեսպանը՝ իր հպարտությունը հայտնելով Հայաստանի հետ երկկողմ մշակութային հարաբերությունների զարգացման համար։
Ցուցադրության շրջանակում ներկայացվել են Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված բացառիկ նյութերը, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառման արդյունքները։
Երկրամագնիսական հետազոտությունների շնորհիվ 2023 թվականին արձանագրվել էր ութանկյուն հատակագծով կառույցի առկայությունը, իսկ արդեն 2024 թվականի պեղումները հաստատել են, որ այն եկեղեցի է։
Մասնագետների գնահատմամբ՝ եկեղեցին առանձնանում է իր ութանիստ կառուցվածքով, ներքին ծիսական տարածքի կազմակերպմամբ, սյունաշարային համակարգով, ինչպես նաև պատերի ծեփի վրա պահպանված փորագրություններով։
Եկեղեցին թվագրվում է IV դարի առաջին քառորդով։ Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող էր կապված լինել Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եկեղեցաշինության հետ։
Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Այնուհետև ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետների, հնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատարան-քննարկում։
