Логотип

«Միասնության թևերը» սկզբունքային անհամաձայնություն ունի ՍԴ որոշման հետ

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է իր ամբողջական և սկզբունքային անհամաձայնությունը Սահմանադրական դատարանմի որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

«Մենք պատրաստ ենք մեր գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը, ընտրական արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ու ժողովրդավարության պաշտպանությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքական ուժն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանը, քննելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, շրջանցել է ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարելով իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան։

Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը։

«Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք»։

«Միասնության թևերը» վստահ է, որ ՍԴ որոշումը նաև ծածկում է քաղաքական համակարգի արատավոր և քրոնիկ խնդիրները՝ ընտրակաշառքներով, ճնշումներով, վարչական ռեսուրսների չարաշահումներով ընտրությունների վտանգավոր պրակտիկան։ Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ երևույթները փաստացի օրինականացվում է, իսկ այդ արատավոր մեխանիզմները դառնում հանդուրժելի։

«ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ»,–նշված է տեքստում։

Sputnik Արմենիա