Логотип

Մոնտեբելլոյի Հայոց ցեղասպանության հուշարձանը մրցանակի է արժանացել

Մոնտեբելլոյում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանն արժանացել է Կալիֆոռնիայի պահպանման հիմնադրամի 2026 թվականի պահպանման դիզայնի մրցանակին՝ մշակութային ժառանգության և ոչ նյութական ժառանգության անվանակարգում, հայտարարել են քաղաքային պաշտոնյաները ֆեյսբուքյան էջում։

«Այս ճանաչումը հսկայական պատիվ է ոչ միայն Մոնտեբելլո քաղաքի, այլև ամբողջ հայ-ամերիկյան համայնքի համար։ Հայոց ցեղասպանության հուշարձանը դիմադրողականության, հիշողության և միասնության հզոր խորհրդանիշ է։ Հպարտ ենք, որ այս խորապես իմաստալից վայրն ստացել է նահանգային ճանաչում իր մշակութային և պատմական նշանակության համար», – Pasadena Star-News-ի հաղորդմամբ՝ ասել է Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջորջինա Տամայոն։

Ընտրության չափանիշների համաձայն՝ հուշարձանը ճանաչվել է որպես Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին խոշոր հանրային հուշարձան։ Այն նպաստել է ողբերգության ավելի լայն ճանաչմանը և դարձել է մոդել այլ հուշարձանների համար։

Նշվում է նաև դրա գեղարվեստական ​​արժեքը որպես ավանդական հայկական եկեղեցական ճարտարապետության ժամանակակից քանդակագործական մեկնաբանություն: Նախագծի մշակումը կատարել է հայ ճարտարապետ և նկարիչ Հրանտ Աղբաբյանը, իսկ շինարարությունն իրականացրել է հայկական Bedrosian-Zakarian Construction Company ընկերությունը:

«Այս մրցանակն ընդգծում է Մոնտեբելլոյի նվիրվածությունը պատմության պահպանմանը և խորը մշակութային նշանակություն ունեցող վայրերի պաշտպանությանը: Հայոց ցեղասպանության հուշարձանը ոչ միայն պատմական կառույց է, այլև կենդանի ժառանգություն, որը շարունակում է կրթել և ոգեշնչել: Շնորհակալ ենք Կալիֆոռնիայի պահպանման հիմնադրամին՝ դրա նշանակությունը ճանաչելու համար»,- Pasadena Star-News-ի հաղորդմամբ՝ ասել է Մոնտեբելլոյի քաղաքային կառավարիչ Ռաուլ Ալվարեսը:

Մրցանակը շնորհվում է Կալիֆոռնիա նահանգում պատմական հուշարձանների պահպանման ոլորտում ակնառու ձեռքբերումների համար։ Այս տարի Մոնտեբելլոյի հուշարձանն ընտրվել է մի շարք նշանակալի նախագծերի շարքում՝ արժանանալով բարձր գնահատանքի համայնքների մշակութային ինքնության, պատմական ժառանգության և հավաքական հիշողության պահպանման գործում ունեցած իր կարևոր ներդրման համար։

1968 թվականին ավարտված հուշարձանը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին անցկացվող հիշատակի միջոցառումների կենտրոնական վայրն է։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Armenia Today