Логотип

Նավթի գները բարձրանում են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության նոր սրման ֆոնին

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության նոր սրացումից հետո հուլիսի 13-ին նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են՝ ուժգնացնելով Հորմուզի նեղուցով հումքի հնարավոր մատակարարումների ընդհատումների վերաբերյալ ներդրողների մտահոգությունները: Այս ֆոնին ասիական ֆոնդային շուկաների մեծ մասն առևտուրը սկսել է անկմամբ՝ հայտնում է Euronews-ը:

Brent տեսակի նավթի արժեքը բարձրացել է 3,9%-ով՝ բարելի համար հասնելով 78,96 դոլարի, իսկ ամերիկյան WTI նավթը թանկացել է 4%-ով՝ բարելի դիմաց կազմելով 74,26 դոլար:

Լարվածության ժամանակավոր նվազումից և Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումից հետո գնանշումները դեռ բոլորովին վերջերս վերադարձել են մինչև հակամարտության սկիզբը եղած մակարդակին: Սակայն իրավիճակը կրկին սրվել է Հորմուզի նեղուցում կոնտեյներատար նավի վրա հարձակմանը հաջորդած՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված մի շարք հարվածներից հետո: Ի պատասխան դրան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Հակամարտության սրացումը բացասաբար է անդրադարձել նաև ֆոնդային շուկաների վրա: Ամերիկյան ինդեքսների ֆյուչերսները նվազել են. S&P 500-ի պայմանագիրը կորցրել է 0,4%, Dow Jones-ը՝ 0,3%, իսկ Nasdaq-ը՝ 1%:

Ասիական բորսաներում գերակշռել են ակտիվ վաճառքները: Ճապոնական Nikkei 225 ինդեքսը նվազել է 1,1%-ով, իսկ հարավկորեական Kospi-ն կորցրել է 5,6%: Ուոլ սթրիթում վերջերս գրանցած հաջող մեկնարկից հետո կտրուկ աճ արձանագրած միկրոչիպեր արտադրող SK Hynix ընկերության արժեթղթերը նվազել են 10,6%-ով, իսկ Samsung Electronics-ի բաժնետոմսերը թանկացել են 6,7%-ով:

Նույն ժամանակահատվածում հոնկոնգյան Hang Seng ինդեքսն աճել է 0,1%-ով, մինչդեռ չինական Shanghai Composite-ը նվազել է 1,2%-ով: Ավստրալիական S&P/ASX 200-ը ևս անկում է գրանցել՝ կորցնելով 0,3%:

Անցած ուրբաթ ԱՄՆ-ում բորսային առևտրաշրջանն ավարտվել է դրական նոտայով, սակայն արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճի շնորհիվ, ներդրողներն այժմ ավելի շատ կենտրոնանում են երկու հիմնական ռիսկերի՝ աշխարհաքաղաքական լարվածության և կորպորատիվ հաշվետվությունների առաջիկա շրջանի վրա:

Շուկաների վրա լրացուցիչ ճնշում են գործադրում նաև այն մտավախությունները, որ նավթի մատակարարումների հնարավոր կրճատումը կհանգեցնի գնաճի արագացման: Սա, իր հերթին, կարող է ստիպել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ) և մյուս խոշոր կենտրոնական բանկերին ավելի երկար պահպանել բարձր տոկոսադրույքները կամ նույնիսկ բարձրացնել դրանք, ինչը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսությունը և մեծացնել ֆինանսական շուկաներում առկա տատանողականությունը:

News.am