Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում նրբություններ կան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Փոխվարչապետին հարցրել են` Աստանայում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովում հաջողվե՞լ է որևէ հարց համաձայնեցնել Հայաստանի հետ։
«Հայաստանը միշտ հավատարիմ է դիրքորոշմանը, և մենք տեսնում ենք, որ իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ», – ասել է Օվերչուկը։
Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության բովանդակության մասին ճշտող հարցին ի պատասխան ՌԴ փոխվարչապետը կոչ է արել զինվել համբերությամբ։
«ԵԱՏՄ գծով գլխավոր անձը Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որը շատ շուտով ասուլիս է տալու։ Այնպես որ զինվեք համբերությամբ, սպասելու շատ քիչ ժամանակ է մնացել»,– ասել է Օվերչուկը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
