Логотип

Պապոյանը ՌԴ արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի խթանման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։

Sputnik Արմենիա