Логотип

Ջերմուկի դիրքը հանձնելու մասին հայտարարած անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու մասին հայտարարած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մայիսի 22–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննական մարմինը նշում էր, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ալեքսանյանի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում էր, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:

«Նախաքննության ընթացքում Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը): Ներկայացված մեղադրանքում Ա.Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար` պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես՝ 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,–նշված է հայտարարության մեջ:

Ա․Խ․–ն նշել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել էր Ալեքսանյանի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։

Sputnik Արմենիա