Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի հետ կապված բոլոր մտահոգիչ կետերը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Այս թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ժամանակ։ Տրվել են պարզաբանումներ հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- արձանագրել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայում «ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունում մտադիր չեն կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»։
Միաժամանակ ռուսական կողմը չի կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ այն ստեղծում է դրանք։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի վերականգնման և գործունեության պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների «վերագործարկմանը» Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին։
Նա հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 30 մլրդ ռուբլի։ Բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի։ Ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի թարմացմանը։ Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն մնում է հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։
Ռուսական կողմը մեծ ներուժ է տեսնում համատեղ փոխշահավետ աշխատանքի համար, որի գրավականներից մեկը հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է ռուսաստանցի մասնագետների կողմից։
Ըստ Կալուգինի գնահատականի՝ «Թրամփի ուղի» նախագծի հայտնվելուն նախորդել է երկամյա աշխատանք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Ավելին` 2023 թվականին կողմերը շատ մոտ էին այսպես կոչված «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է ոչ միայն ապահովեր տարանցումը Հայաստանի հարավով դեպի Նախիջևան, այլև, ըստ էության, կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղիները։
«Սա հենց այն է, ինչին այժմ մեծ դժվարությամբ փորձում է հասնել Հայաստանը՝ հենվելով «Թրամփի ուղու» վրա։ Բայց խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ինքնաբերաբար չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք միացում։ Մեր մեղքը չէ, որ Երևանը 2023 թվականին գիտակցաբար սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, իրանա-ամերիկյան հակամարտության ֆոնին նախագծի գործարկման հեռանկարներն անամպ չեն։
«Բացի Իրանի կողմից իր հյուսիսային սահմաններին ԱՄՆ ներկայության բացասական ընկալումից, Կենտրոնական Ասիայից Եվրոպա ձգվող երթուղու նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը, որի մասը պետք է դառնա «Թրամփի ուղին», կարող է անվստահություն առաջացնել նաև ասիական գործընկերների մոտ։ Իսկ առանց չինական և ռուսական բեռների՝ նախագծի ներդրումների փոխհատուցումը չափազանց դժվար կլինի»,- պարզաբանել է նա։
Օբյեկտիվ գործոնների թվում, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, նշվել են նաև ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանին, ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի անցկացման անհրաժեշտությունը՝ ադրբեջանականի հետ անխափան միացման համար, մինչև 2038 թվականը գործող «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիան՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման համար, և Հայաստանի տարածքի ընդգրկվածությունը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հայկական պատվիրակության հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։
Հիշեցնենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն պայմանագրի հարցն առաջինն առաջ քաշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկեց ՌԴ-ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով կոնցեսիան որևէ բարեկամ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հնարավորության մասին։ Արդեն մարտի 26-ին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դեմ չէ երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում։ Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ բանակցություններ չի վարում։
Sputnik Արմենիա
