Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանի անորոշությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում խանգարում է փոխադարձ երկարաժամկետ տնտեսական հարաբերություններին:
«Ավելի լավ է, եթե Հայաստանում ավելի արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների հանդեպ, թե՛ հենց Հայաստանի հանդեպ: Այս անորոշությունը ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական դիրք բռնել և խանգարում է կառուցել երկարաժամկետ տնտեսական հարաբերություններ»,- ասել է նա:
Օվերչուկն ընդգծել է, որ Մոսկվան կցանկանար Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում: Նրա խոսքով՝ եթե Երևանն ընտրում է ԵՄ-ի հետ մերձեցումը, Ռուսաստանի մոտ հարց է առաջանում, թե ինչու պետք է ինքը «դա աջակցի իր բյուջեի հաշվին»:
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը:
Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվան և Երևանը հրապարակայնորեն վիճում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի շուրջ՝ ԵՄ-ի հետ նրա մերձեցման ֆոնին: ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը կոչ է արել հայկական իշխանություններին կողմնորոշվել երկու միությունների միջև, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եվրաինտեգրման կուրսը տանում է «հասարակության պառակտման» և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները գնահատել է ՀՆԱ-ի 15-20%-ի չափով: Երևանում, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ երկիրը դեռ չի պատրաստվում դուրս գալ Միությունից:
Armenia Today
