Логотип

«Ռոսատոմը» պատրաստ է ծածկել ՀՀ-ի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կծածկեն Հայաստանի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ գործող Հայկական ԱԷԿ-ում ավարտվել է ծառայության ժամկետը մինչև 2031 թվականը երկարացնելու հերթական փուլը՝ մինչև 2036 թվականը աշխատելու հեռանկարով: Իրականացված աշխատանքները թույլ են տվել նաև բարձրացնել կայանի հզորությունը 10%-ով (այդ աշխատանքներին մասնակցել են նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկությունները-խմբ):

Լիխաչովը հավելել է, որ որպես համագործակցության հաջորդ քայլ «Ռոսատոմը» ատոմակայանների նոր մոդելներ է առաջարկում։

Լիխաչովի խոսքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ներկայում արտադրվում է ԱԷԿ-ում, սակայն էլեկտրաէներգիայի պահանջարկը երկրում աճում է, և հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում գեներացվող հզորությունների պակասը հասնի նույնիսկ 1 գիգավատի:

«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանը հետևյալն է՝ մեկ մեծ կամ միջին հզորության կայան՝ մեկ կամ երկու բլոկով, որոնք տասնամյակների ընթացքում ծածկելու են էներգետիկայի առաջիկա պակասը: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ատոմային կարողությունների առկայությունն ինքնին որակյալ տնտեսության նշան է։ Այդ իմաստով Հայաստանի համար արժեքավոր է դեռևս անցյալ հազարամյակի 70-ական թվականներից ատոմային տեխնոլոգիաներին տիրապետելը», – հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կատարել են ընտրություն հօգուտ մոդուլային կայանի (փոքր կամ միջին հզորության – խմբ.), սակայն դեռևս չեն կողմնորոշվել ինչպես մոդելի, այնպես էլ մատակարար երկրի հարցում:

Նրա խոսքով, Հայաստանին իրենց առաջարկներն են ներկայացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Ներկայում բոլոր տարբերակները ուսումնասիրվում են:

ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին:

Դրան զուգահեռ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ 2023 թվականին կայանը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել համապատասխան աշխատանքներ իրականացնելու մասին, որոնք պետք է ապահովեն դրա աշխատանքը առնվազն մինչև 2036 թվականը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել էներգաբլոկի շահագործումը մինչև 2046 թվականը երկարացնելու հնարավորությունը:

Sputnik Արմենիա