«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին տարածված տեղեկությունները և վճարել 6 մլն դրամի չափով փոխհատուցում, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում արված գրառումը: Խոսքը խորհրդարանի խոսնակի այն պնդման մասին է, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանո՞վ է իրավական արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը:
Կարապետյանն ԱԺ նախագահից պահանջել է հրապարակային ընդունել, որ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
Հայցի նյութերի համաձայն՝ հերքումը պետք է հրապարակվի Սիմոնյանին պատկանող ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ տեսանյութի ձևաչափով: Այն պետք է ունենա «Հերքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագիրը և հերքման բովանդակությունը պետք է ընթերցվի ամբողջությամբ:
Ըստ հայցի՝ հերքումը չպետք է պարունակի որևէ հավելում կամ մեկնաբանություն և պետք է նշված հարթակներում պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հրապարակված են վիճարկվող տեսանյութերը, բայց ոչ պակաս, քան հերքումը հրապարակելուց հետո մեկ ամիս ժամկետով:
Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ փոխհատուցումից բացի պահանջում է նաև դատական ծախսերի հատուցում, որոնք կազմված են պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից:
Կարապետյանը հայց էր ներկայացրել նաև ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ներողություն խնդրել։
Armenia Today
