ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իրենց` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջը հուլիսի 3–ի դատավճռով մասնակի է բավարարել։
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձման ենթակա է՝
– Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%–ը,
– Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
– Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%–ը։
«Կբռնագանձվեն նաև բանկում ներդրված ընդհանուր՝ 202 մլն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 մլն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կբռնագանձվի 352 մլն 438 հազար դրամ:
Sputnik Արմենիա
