Логотип

ՏԿԵՆ․ ՀՀ-ն ՌԴ-ից գազի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել

Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:

«Կոմերսանտը» նաև գրել էր, որ նամակում ընդգծվել է` ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:

Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:

Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:

Sputnik Արմենիա