Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:
Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։
«Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման՝ Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Ավելին՝ քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։ Սա պարզապես մեկ ուժի վերարտադրմանը և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում»,- ասված է հայտարարությունում:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:
Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
