Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհուն` Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։ Այս մասին հայտնել է բժշկուհու դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մայիսի 18–ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»: Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:
«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով»,–գրել է նա սոցցանցում։
Այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ «Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության»,–գրել է նա։
Պաշտոնական պարզաբանումը գումարի բացակայությունն է, որը Տաթևիկ Սողոյանը ծիծաղելի է համարում, երբ համեմատում է խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։
«Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,–գրել է Տաթևիկ Սողոյանը։
Նա տեղեկացրել է, որ մայրիկի տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար։
Հիշեցնենք, որ վեճից հետո Տաթևիկ Սողոյանը, ի պատասխան այն լուրերին, որ հնարավոր է` մորն աշխատանքից ազատեն, ասել էր, որ այդ դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։
Sputnik Արմենիա
