Логотип

ՔԿ-ն պնդում է՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու համար 15000-ական դրամ է բաժանվել

ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Արմավիրում մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար:

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ իրավապահները Արմավիրի մարզում 2 տղամարդու է ձերբակալել Երևանում կայացած հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ ոմն Ն.Թ., տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց՝ նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։ Նա նաև այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։

Գ.Ա.-ն, նյութապես շահագրգռվելով և նույնկերպ շահագրգռելով մտերիմներին՝ մի խումբ անձանց խոստացել է վճարել 15.000 ՀՀ դրամ՝ հավաքին մասնակցելու դիմաց։

«Արդյունքում, Գ.Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն.Թ.-ի կողմից հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15.000 ՀՀ դրամ»,- հայտնում է ՔԿ-ն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ են իրականացվել, որոնց արդյունքում նաև հայտնաբերվել են ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:

Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն.Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):

Երկու տղամարդիկ կալանավորված են։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հավելենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ նյութապես շահագրգռել է համագյուղացիներին ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին մասնակցելու համար։ Ոստիկանությամբ տվյալներով՝ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15-հազարական դրամ։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Sputnik Արմենիա