Դեպի Իրանի սահման տանող 7,2 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ըստ գերատեսչության` թունելի հորատման աշխատանքները իրանական կոնսորցիումը կսկսի մոտ ժամանակներս։ Ճանապարհային դեպարտամենտը հիշեցրել է, որ թունելը թույլ կտա շրջանցել Հայաստանի ամենաբարձրադիր լեռնանցքը, կկրճատի ճանապարհի ժամանակը մոտ 40 րոպեով և կվերացնի անբարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ռիսկերը։
Թունելը, ըստ գերատեսչության, համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և կառավարման ավտոմատացված համակարգով։
«Թունելի տակ մենք ունենալու ենք հատուկ ելք, որն օգտագործվելու է տարհանման ժամանակ, եթե թունելում ինչ–որ խնդիր առաջանա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտի հավաստմամբ` Քաջարանի թունելի շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։
«Միևնույն ժամանակ, 51%-ով ավարտվել են 32 կիլոմետր երկարությամբ հատվածի աշխատանքները՝ Հայաստանի պետական սահմանից մինչև Քաջարան։ Այս հատվածում նախատեսվում է 32 կիլոմետր ճանապարհի կառուցում և վերակառուցում, հինգ տրանսպորտային հանգույցների, շուրջ մեկ կիլոմետր ընդհանուր երկարությամբ 2 թունելների և 15 կամուրջների կառուցում»,- ասված է հիմնադրամի տեսանյութում։
Քաջարան –Ագարակ 32 կմ ճանապարհատավածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։
Sputnik Արմենիա
