Логотип

Քոչարյան․ Արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն ինձ անձնական կապերն օգտագործել՝ պատերազմը կանգնեցնելու փորձերում։ Այս մասին Չարենցավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա,՝ «իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մենք որևէ կերպ չկարողանայինք ազդել գործընթացի վրա»։

«Մի պահ նույնիսկ մտածեցի, որ պետք է թռչել Մոսկվա, համոզել գործընկերներիս հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը։ Պատերազմի 3-4-րդ օրը ինձ համար արդեն պարզ էր, որ այսպիսի կազմակերպմամբ դա ոչ մի լավ ավարտ չի ունենալու։ Այդ ժամանակ իմ նկատմամբ երկրից դուրս գալու արգելք կար։ Դատարանից ստացել էի մեկնելու թույլտվություն։ Բայց կար կորոնավիրուս, առանց թեստերի հնարավոր չէր։ Թեստ հանձնեցի։ Թեև առողջ էի և ինձ լավ էի զգում, սակայն պատասխանը եղավ, որ ես կորոնավիրուս ունեմ։ 4-5 արագ թեստ արեցի, բոլորն էլ բացասական էին։ Այսինքն՝ այստեղ էլ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի ես չկարողանամ օգտագործել իմ կապերը», – նշել է Քոչարյանը։

«Մենք պատասխանատվությունից չենք փախել։ Ինքներս գնացինք (Արցախ) և առաջարկեցինք օգնել։ Մերժեցին։ Մի պաշտոնյա, որի անունը չեմ ուզում տալ, նույնիսկ հայտարարեց, թե մենք գիտենք, որ հաղթելու ենք, «և ուզում են փառքն իրենց վերագրել», – հայտարարել է քաղաքական գործիչը։

Խաղաղության երաշխիքների մասին հարցին պատասխանելով՝ Քոչարյանը հիշեցրել է, թե ինչպես Փաշինյանը համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ըստ նրա, Մինսկի խումբը, ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները, կարող էր հանդես գալ որպես երաշխավոր։ Բայց Փաշինյանին դա պետք չէ, քանի որ այդ դեպքում նա չի կարողանա պատերազմով շանտաժ անել և խաղաղությունը կապել իր անձի հետ։

«Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդուց՝ ինձնից, նրանից, Ալիևից կամ մեկ ուրիշից։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի շանտաժի հնարավորություն ունենա, աթոռը պահելը նրա համար վեր կանգնեց ամբողջ ժողովրդի շահերից», – պարզաբանել է Քոչարյանը։

News.am