Логотип

Քոչարյան․ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում

Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում։ Այս մասին Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Վստահ եմ, որ դա հնարավոր է։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունները հարցով չեն զբաղվում։ Նրանք ասում են՝ «ավելի լավ է այս թեմայով չխոսել, թեման նուրբ է, մենք դրանով կզբաղվենք լռության պայմաններում»։ Այն, ինչ նա (Փաշինյանը) երեկ ասաց արցախցիների մասին, վկայում է, որ ոչ միայն չեն զբաղվում, այլև ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որպեսզի հանկարծ հեղինակավոր մարդիկ այստեղ չհայտնվեն և ինչ-որ նպատակներով ժողովրդին չմիավորեն։ Հարցով պետք է զբաղվել։ Ամոթ է, որ փաստաթուղթը նախաստորագրելիս այս թեման նույնիսկ չեն բարձրացրել», – նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է պայման դնեին՝ ազատ արձակել գոնե մի քանի մարդու։ Նրա խոսքով՝ Ալիևն արդեն բավականություն է ստացել դատավարությունից։

«Սա կլինի հետագա բանակցությունների մի մասը։ Ես իմ խոսքի տեր մարդ եմ։ Չեմ կարող ասել, թե ինչ ժամկետում, բայց հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում, ես այդ հնարավորությունը տեսնում եմ», – ընդգծել է քաղաքական գործիչը։

News.am