«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը համոզված է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը նվիրված է «փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում խարխլելու է տարածաշրջանային բալանսը, որի համար մեր ժողովուրդը կարող է թանկ վճարել: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահներ կամ վարչապետներ): Վաղը` մայիսի 5–ին, ՀՀ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համաժողովը՝ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերից մի քանիսի մասնակցությամբ։
«Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել»,– մասնավորապես ասել է Կարապետյանը:
Ըստ նրա` նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպություններ, շատ երկրների ղեկավարներ, բայց այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու։
«Նույնպես անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,– ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը:
Նա այն համոզմանն է, որ մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ իրեն անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը, և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք իրենց կուսակցությունը ցույց է տվել:
Sputnik Արմենիա
