Логотип

Մակրոնը փորձում է իր մասնաբաժնի հարցը լուծել. Հակոբ Բադալյան

«Մակրոնի՝ Հայաստանի հանդեպ ակտիվության մոտիվացիան, իհարկե, ընդհանուր առմամբ տեղավորվում է ընդհանրապես Ֆրանսիայի մոտիվացիայի համատեքստում։ Ֆրանսիական աշխարհաքաղաքականության կոնցեպտում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը եղել է առանցքային, և սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում ռեգիոնալ բնույթի՝ ոչ միայն կովկասյան, ընդհուպ՝ մերձավորարևելյան շրջանակով»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Այս իրավիճակում անձնապես Մակրոնի մոտիվացիան մի կողմից թելադրվում է այն աշխարհաքաղաքական ինտենսիվությամբ, որ մենք տեսնում ենք այսօր աշխարհում, և մյուս կողմից նաև, թերևս, այն հանգամանքով, որ Ֆրանսիայի նախագահը ներկայումս շատ մոտիվացված է տպավորություն ստեղծելու խնդրով՝ հաշվի առնելով այն, որ նրա նախագահության ընթացքում Ֆրանսիայի բուն աշխարհաքաղաքական դերակատարումն ու դիրքերն առավել շատ նվազել են, քան արձանագրել որևէ առաջընթաց, և հիմա Ֆրանսիան նաև փորձում է տարբեր առիթներով, տվյալ դեպքում Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի, ստեղծել տպավորություն հակառակի իմաստով՝ աշխարհաքաղաքական ազդեցության, դերի աճի իմաստով։ Հայաստանի հանդեպ Մակրոնի վարքագիծը պայմանավորված է նաև այս հանգամանքով և օրինակ՝ նրա երևանյան հայտարարությունները, իմ բնորոշմամբ, թելադրված են նաև սրանով»։

Հակոբ Բադալյանը չի բացառում՝ կարող են լինել նաև ուրանի հանդեպ հետաքրքրություններ, բայց նաև ընդգծում է, որ այդ հանգամանքն, այդուհանդերձ, վճռրորոշների շարքում չէ։

«Ֆրանսիայի համար ուրանի առավել մեծ հետաքրքրություն առաջացնում է Կենտրոնական Ասիան, և մենք նախորդ տարիներին տեսել ենք Ֆրանսիայի նախագահի այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ ուրանի պաշարներով երկու խոշոր երկրներ և նրանց հետ համաձայնությունների փորձը։ Այլ է հարցը, որ այդ ուրանը պետք է տեղափոխել Ֆրանսիա, և այստեղ առանցքային է դառնում այսպես կոչված Միջին միջանցքի հարցը։ Այստեղ է մոտիվացվածության մյուս հանգամանքներից մեկը. այդ Միջին միջանցքի հարցում Ֆրանսիան կարող է քաղաքական, այսպես ասած, մասնաբաժին ունենալ, եթե քաղաքական մասնաբաժին ունի Հայաստանի հարցում։ Նաև սա է մոտիվացիոն առանցքային բաղադրիչներից մեկը»։