Логотип

AFP․ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալված վեճը պառակտում է Հայաստանը ընտրություններից առաջ

Արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ, գրում է AFP-ն։

Անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։ Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։

Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին։

«Եկեղեցին բոլորին միավորող օղակն է։ Մեր նպատակները միշտ կառուցողական են՝ չպատասխանել չարին չարով, այլ սերմանել սեր և քարոզել խաղաղություն»,— նշել է Արմավիր քաղաքի սարկավագ Հովհաննես Ավետիսյանը։

Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։

Փաշինյանը հաճախ իրեն ներկայացնում է որպես ժողովրդի մարդ։ Սակայն վերջին տարիներին նրա վարկանիշն ընկել է Ադրբեջանի հետ դիմակայությունում կրած մի շարք ռազմական պարտություններից հետո։ Ըստ հրապարակման՝ 50-ամյա վարչապետին վստահում է հայերի միայն մոտ 20%-ը։

Ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, AFP-ին հայտնել է, որ իր հորեղբայրն այժմ «քաղբանտարկյալ է», և իշխանություններին մեղադրել է հոգևոր առաջնորդներին հալածելու մեջ։

News.am