Armat media լրատվական կայքի 9 աշխատակցի հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գործակալության խմբագիր Նելլի Ավետիսյանը։
Նշենք, որ հունիսի 5-ին քննչական կոմիտեն գործողություններ էր սկսել իրականացնել Armat media–ի խմբագրությունում։ Այդ օրը խուզարկությունների ընթացքում առգրավվել էին աշխատակիցների համակարգիչները, հեռախոսները։
«Այս պահին քննչական կոմիտեում ենք: Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրվել լրագրողները և օպերատորները: Ժամը 11։00-ից մենք այստեղ ենք, դեռևս 1 հոգի է ներս մտել, 8 անձ սպասում ենք»,– ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` խուզարկությունների ընթացքում առգրավված համակարգիչներն ու աշխատակիցների հեռախոսները մինչ օրս չեն վերադարձվել։
Հիշեցնենք, որ քննչական գործողությունները ՔԿ–ն իրականացնում էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։
