Դոնալդ Թրամփը պնդում է, թե կատարելապես տիրապետում է «Գործարք կնքելու արվեստին», սակայն այժմ նա մեզ բանակցային անիրազեկության վարպետության դաս մատուցեց։ Թրամփը հետ ջուրը լցրեց այդ բոլոր ջանքերը։ Նրա շողոքորթների կաբինետը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեց, երբ նախագահը միամտորեն որոշեց նախ ռմբակոծել, իսկ արդեն հետո բախվեց իրականությանը, գրում է Guardian-ը։
Այժմ Թրամփն ուսումնասիրում և լրամշակում է փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը կազմել են ամերիկացի և իրանցի դիվանագետները՝ Պակիստանի և Կատարի աջակցությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է ընթացիկ հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, քանի դեռ ընթանում են ավելի մշտական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այդ նախնական համաձայնության հստակ ուրվագծերն անհայտ են, սակայն դրա էությունը պարզ է, և դա սոսկալի խայտառակություն է Թրամփի համար։ Նրա չհրահրված «ընտրովի պատերազմը» բացարձակապես ոչնչի չհասավ։ Հրատապ կերպով նոր մոտեցում է անհրաժեշտ։
Թրամփի դրության ամբողջ բարդությունը գնահատելու լավագույն միջոցը այն համեմատելն է նրա հետ, ինչին հնարավոր կլիներ հասնել նվազ ռազմատենչ մոտեցման դեպքում։ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է Իրանին զրկել միջուկային զենքից, սակայն Թեհրանը բազմիցս հրապարակայնորեն հրաժարվել է այդ նպատակից։ Փոխարենը՝ իրական հարցը (հաշվի առնելով Իրանի կրոնական առաջնորդների հանդեպ համատարած անվստահությունը) նրանում է, թե ինչպես արգելել նրանց ստանալ ռումբ ստեղծելու միջոցներ։
Հենց դա էլ արեց 2015 թվականին իրանցիների հետ Բարաք Օբամայի գործարքը։ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) սահմանափակեց նրանց միջուկային ծրագիրը և միջազգային խիստ տեսչական ստուգումներ սահմանեց։ Դրանում պարունակում էին կետեր սահմանափակումների ժամկետների ավարտի մասին, սակայն դրանք հնարավոր էր երկարաձգել հաջորդող համաձայնագրով։ Ընդսմին, Թրամփը դուրս եկավ այդ պայմանագրից 2018 թվականին՝ խոստանալով ստիպել Իրանին գնալ «ավելի լավ գործարքի»։ Դա արդյունավետ չեղավ։
Այժմ Թրամփը հայտնվել է կոտրած տաշտակի առջև։ Նա նորից փորձում է համոզել Իրանին սահմանափակել հարստացման ծրագիրը և արտահանել կամ նոսրացնել իր հարստացված ուրանը. այլ խոսքով՝ անել այն, ինչին Թեհրանն արդեն համաձայնել էր Օբամայի օրոք։ Դա ընթացիկ տարվա փետրվարին բանակցությունների առարկա էր, սակայն Թրամփը կտրուկ դադարեցրեց դրանք՝ ընտրություն կատարելով հօգուտ պատերազմի։
Թրամփը հույս ուներ կոտրել Իրանին ռմբակոծություններով և պատժամիջոցներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ ամերիկյան և իսրայելական ռմբակոծիչները փորձեցին «գլխատել» վարչակարգը՝ հուսալով ավելի զիջող հաջորդի հայտնվելու կամ նույնիսկ ժողովրդական ապստամբության վրա։ Ինչ-որ պահի Թրամփն հասավ այնպիսի գոռոզության, որ անվերապահ կապիտուլյացիա պահանջեց:
Բայց իրանցի առաջնորդների, նրանց թվում՝ նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը միայն ամրապնդեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված արմատականների իշխանությունը։
Թրամփը չուներ «Բ» պլան։ Նա պնդում էր, թե ոչնչացրել է Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պոտենցիալը։ Փոխարենը՝ նա զգալիորեն սպառեց ԱՄՆ-ի զենքի պաշարները՝ անձեռնմխելի թողնելով իրանական զինանոցի մեծ մասը, իսկ քաոս սերմանելու նրա կարողությունը՝ զգալի։
Թրամփը նաև Հորմուզի նեղուցը տեսական զենքից վերածեց իրականի, որը, թերևս, ավելի հզոր է, քան միջուկային ռումբը, քանի որ այն կիրառելն ավելի հեշտ է։ Հաշվի առնելով, որ մինչև պատերազմը նեղուցով էր անցնում համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի (ինչպես նաև պարարտանյութերի, ծծմբի և հելիումի) մատակարարումների մեկ հինգերորդ մասը, նեղուցի փակման տնտեսական հետևանքները երկարաժամկետ բնույթ ունեն։ Իրանցիներն ուժեղացրին ազդեցությունը՝ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի արաբական պետությունների նավթագազային օբյեկտներին։
Իրանցիները Թրամփին սեղմել են պատին։ Նա ձևացնում է, թե իրեն չեն հուզում նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները, սակայն բոլորն էլ տեսնում են. բենզինի աճող արժեքը և գնաճային ճնշումը նշանակում են, որ, չնայած ընտրատարածքների սահմաններին առնչվող բոլոր մանիպուլյացիաներին, հանրապետականները, ամենայն հավանականությամբ, ջախջախիչ պարտություն կկրեն։
Ուստի Թրամփը տարված է նեղուցի բացմամբ, որպեսզի վերականգնվեն նավթի և գազի մատակարարումները։ Մինչդեռ նա հետաձգում է հիմնական միջուկային հարցերը, թեև հենց դրանք էին այս հակաարդյունավետ պատերազմի պատրվակը։ Ըստ հաղորդումների՝ հուշագրի նախագծում Իրանը կրկին կհայտարարի միջուկային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին, սակայն դրա համար անհրաժեշտ միջոցներից նրան զրկելու հանգուցային հարցը (հարստացման սահմանափակումը և բարձր հարստացված ուրանի չեզոքացումը) կհետաձգվի հետագա քննարկման համար։
Մյուս հարցերը, որոնք Թրամփն անվանում էր պատերազմի պատճառներ, ինչպիսիք են Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը և նրա աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին, դատելով ամենից՝ առաջարկվող նախնական համաձայնագրում ընդհանրապես բացակայում են։ Այլ խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը մեզ միայն կվերադարձնի փետրվարյան ստատուս քվոյին, երբ Հորմուզի նեղուցը դեռևս նույնիսկ գործի չէր դրվել։ Թրամփի և Նեթանյահուի ռմբակոծությունների արշավն ապարդյուն անցավ։
Ավելին, ամերիկացի բանակցողների դիրքերն այժմ վատթարացել են։ Իմանալով, որ Թրամփը հուսահատորեն փորձում է վերադարձնել նավթի հոսքը՝ Թեհրանը բարձրացրել է խաղադրույքները։ Ցուցադրելով անվստահություն Թրամփի նկատմամբ՝ իրանցիները, ինչպես հաղորդվում է, պահանջում են ապասառեցնել իրենց ակտիվները և չեղարկել պատժամիջոցների գոնե մի մասը դեռևս միջուկային բանակցությունների սկսվելուց առաջ։ Ասում են նաև, որ նրանք ձգտում են «ներդրումային հիմնադրամի» ստեղծմանը՝ հետպատերազմյան վերականգնմանն աջակցելու համար, ընդ որում՝ շատ ավելի մեծ ծավալներով, քան այն ծավալները, որոնց համար Թրամփը կատաղի կերպով քննադատում էր Օբամային։ Թրամփը կարող է փորձել քողարկել այդ հարցը՝ թույլ տալով Կատարին փոխանցել միջոցներն ԱՄՆ-ի փոխարեն։
Փոխըմբռնման հուշագիրը, ամենայն հավանականությամբ, կպահանջի, որ նեղուցով անցումը մնա «անսահմանափակ» բանակցությունների ընթացքում, և Թրամփն այնքան հեռուն է գնացել, որ սպառնացել է ռմբակոծել Օմանին (ԱՄՆ դաշնակցին), եթե վերջինս միանա Իրանին՝ նեղուցը վերահսկելու համար։ Այսպիսով, Իրանը, հավանաբար, ստիպված կլինի հրաժարվել «մաքսատուրքեր» սահմանելուց, սակայն կարող է խաղալ «էկոլոգիական վճարի» նման փոխարինիչներով։ Այդ ամենից և ոչինչ չկար օրակարգում փետրվարին՝ նախքան Թրամփի պատերազմի սկսվելը։
Թեհրանը պնդում է նաև, որ նոր 60-օրյա հրադադարը տարածվի Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա։ Այդ պահանջը լիովին հասկանալի է, քանի որ «Հըզբոլլահի» (Իրանի դաշնակցի) դեմ պայքարի պատրվակով Իսրայելը ստիպել է 1 միլիոն մարդու լքել իրենց տները Լիբանանի հարավում, իսկ դա երկրի բնակչության մեկ հինգերորդ մասն է։ Հենց որ հնարավոր հուշագրի մասին տեղեկությունը հրապարակվեց, Իսրայելն ուժեղացրեց հարձակումները Լիբանանում և վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ առաջացավ Լիտանի գետից դեպի հյուսիս։
Ինչպես և Գազայում, Իսրայելը նույնիսկ ընթացիկ հրադադարը պահպանում էր լոկ ձևականորեն՝ պարբերաբար ռումբեր նետելով և Լիբանանի հարավի գյուղերը վերածելով փլատակների։ Նեթանյահուն Թրամփին հայտարարել է նաև, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Լիբանանում առկա «սպառնալիքներին». այս բանաձևն իսրայելական զորքերն արդեն օգտագործել են Գազայում՝ պաղեստինցիների սպանությունները շարունակելու համար։ Ինչպես և Գազայում, Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կպնդի, որ հրադադարը չներառի զորքերի դուրսբերումը Լիբանանի այն ընդարձակ տարածքներից, որոնք նա այժմ զավթել է։
Այդ ձախողումից անհրաժեշտ է դասեր քաղել։ Թրամփը պետք է վերջնականապես մերժի անվերջ զինված հակամարտության ձգտելու Նեթանյահուի մոլուցքը։ Եթե Իսրայելի ծայրահեղ աջ կառավարությունն ունի երկարաժամկետ ռազմավարություն, ապա այն կայանում է նրանում, որ խուսափի բանակցություններից հանուն պատերազմի՝ ռմբակոծել ու ռմբակոծել, իսկ երբ մյուս կողմն ուշքի գա՝ ռմբակոծել ևս մի փոքր։ «Սարգագետնի հնձում»՝ ահա թե ինչպես են անվանում այս ցինիկ մոտեցումը։
Թրամփը, որը հպարտանում է նրանով, որ կարողանում է պայմանավորվել, պետք է առաջնահերթություն դարձնի բանակցությունները և դադարեցնի զենք ճոճելը, ինչպես, օրինակ, իր ակնհայտորեն անօրինական (և հազիվ քողարկված միջուկային) սպառնալիքը՝ ոչնչացնելու իրանական քաղաքակրթությունը։ Թեև բանակցողներն անխուսափելիորեն օգտագործում են մտրակի և բլիթի մարտավարությունը, Թրամփը պետք է ռազմական ուժը դարձնի ծայրահեղ միջոց, որը կիրառելի է միայն ՄԱԿ-ի Կանոնադրությամբ թույլատրված նեղ շրջանակում։ Դա ճիշտ ուղի է ոչ միայն միջազգային իրավունքի, այլև ռազմական գործելակերպի տեսանկյունից։ Չէ՞ որ այժմ իրանցի զինվորականները, զինված լինելով միայն անօդաչու թռչող սարքերով, ծովային ականներով և արագընթաց մոտորանավակներով, ապացուցեցին աշխարհի հզորագույն երկրին, էլ չասած՝ գլոբալ տնտեսությանը, հսկայական վնաս հասցնելու իրենց կարողությունը։
Իրանցի պաշտոնյաները հայտնի են որպես կոշտ բանակցողներ, սակայն Թրամփն ունի ազդեցության բավարար լծակներ նաև առանց հերթական ագրեսիվ պատերազմը սանձազերծելու։ Տնօրինելով Իրանի սառեցված ակտիվները և երկրի դեմ սահմանված բազմաթիվ պատժամիջոցները՝ Թրամփը կարող է վարել աստիճանական, փոխշահավետ երկխոսություն, որն ընդունակ է հանգեցնել ընդունելի լուծման։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսին պետք է լինի այդ լուծումը, կենտրոնացումը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ Իրանին միջուկային զենք ստանալու միջոցներից զրկելուն։ Դրա համար պետք է դադարեցնել պնդել ակնհայտորեն անիրագործելի պահանջը, որպեսզի Իրանը հրաժարվի ուրանը մինչև համեստ մակարդակներ հարստացնելու հնարավորությունից, ինչը թույլատրված է մնացած բոլոր կառավարություններին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում։
Ընդհակառակը, չափավոր հարստացման համակցումը միջազգային ներխուժող տեսչական ստուգումների հետ պետք է բավարար լինի ռումբի գաղտնի մշակումը կանխելու համար։ Թրամփին, հնարավոր է, նույնպես պետք կլինի ընդունել ստեղծագործական լուծումներ Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարների չեզոքացման համար. նոսրացման, մշտադիտարկման և արտահանման որոշակի համակցություն, ինչպես ինքն էր ենթադրում։
Ամենակարևորը, հակառակ իր հակումներին, Թրամփը պետք է գոնե մեկ անգամ երկրի (և աշխարհի) շահերը վեր դասի սեփական շահերից։ Փաստերը հերքելու և իրականությունը խեղաթյուրելու Թրամփի կարողությունը տպավորիչ է, բայց նույնիսկ նրա համար դժվար կլինի այս ձախողումը մատուցել որպես հաղթանակ։ Եվ Թեհրանը կարող է նրան դեմքը պահպանելու հնարավորություն չտալ։ Մենք պետք է պնդենք, որ նա ամեն դեպքում գնա գործարքի, նույնիսկ եթե այն «Գործարքների վարպետին» բացարձակ տգետի ներկայացնի։
