Այսօր՝ հուլիսի 17-ին, ոչ որակյալ ջրի մատակարարման պատճառով հերթական թունավորման դեպքերն են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում, ըստ բնակիչների ահազանգերի, խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատացել է, ովքեր դիմել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին «Լրիվ բարձիթողի վիճակ, լրիվ քարե դար։ Չնայած նույնիսկ քարե դարում նման թունավորման դեպքեր ջրից չէին լինի։ Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել էին նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, ինչը դառնում է թունավորումների պատճառ։
Այս պահին Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել բնակիչները, ովքեր արդարացիորեն պահանջում են որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի, թե չէ ամեն անգամ մարդիկ են թունավորում»։Ֆոտոլրագրողը հայտնում է, ու Բյուրեղավան են ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանի և պոլիկլինիկայի աշխատակիցների հետ մեկնում են այն հասցեներ, որտեղից որ քաղաքացիներ են տեղափոխել մի մասը Բյուրեղավանի պոլիկլինիկա, մյուս մասը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը նշեց, որ երեկ եղել է 16 կանչ, որից 11-ը եղել է աղիքային վարակի գանգատներով ու մինչ այսօր այս ժամը շարունակվում է այդ գանգատներով պոլիկլինիկա այցելուների հոսքը։Բնակիչները նշում էին, որ «Վեոլիա ջրից» չեն կարողանում ստանալ ոչ մի պատասխան, թե վերջապես երբ է Բյուրեղավանը փրկվելու այդ արատավոր երևույթից, քանի որ ոչ մի լուծում չեն առաջարկում։
News.am
