ՀԱՏԵԼՈՎ ԲՈԼՈՐ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ»
Ձախողակների կառավարությունը լցնում է գրպանը… պարտքերով
Թվերի հետ չես վիճի, թեև ամեն հարցում ստի մեջ թաղված գործող իշխանությունը հենց սկզբից շահարկում էր անգամ դրանք՝ լույս աշխարհ բերելով չգիտես որտեղից հայտնված ցուցանիշներ, որոնք բացահայտորեն հակասում էին անգամ պաշտոնական վիճակագրությանը…
Արդեն այսօր դժվարությամբ հավաքվող բյուջետային մուտքերի ավելի քան 10%-ը կառավարությունը ստիպված է ուղղել Հայաստանի աճող պետական պարտքի սպասարկմանը։ Այսպես ուր որ է կհասնենք դեֆոլտի, որով, հիշենք, «թավշե հեղափոխությունից» ոչ շատ առաջ երկրին սպառնում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև մեզանում այդ ժամանակ այն ռիսկերի նշույլն անգամ չկար, որ ունենք այսօր։ Տնտեսական ռեցեսիա, հիշեցնենք, մենք ստացանք արդեն այս տարվա 2-րդ և 3-րդ եռամսյակների արդյունքներով։
Մինչդեռ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անդառնալիորեն աճել, և դրա սպասարկումը (այսինքն տոկոսների և «մայր գումարի» վճարումը) գնալով ավելի է ծանրանում, բացի ամենայնից՝ նաև դրամի թուլացման պատճառով, քանի որ երկրի պետական պարտքի հիմնական մասը ներկայացված է ԱՄՆ դոլարով։
Նիկոլ Փաշինյանն ու իր «սիրողական էկոնոմիկայի խմբակը» անդադրում հափռում են հնարավոր բոլոր ֆինանսները՝ նույնիսկ չմտածելով, թե ով է դրանք վերադարձնելու։ Պետբյուջե տարան անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները, որին մեր աշխարհասփյուռ հայրենակիցները նպատակային կերպով փոխանցել են իրենց հանգանակությունները Արցախին օգնելու համար: Մենք արդեն առիթ ունեցել ենք օրերս խոսել գործող իշխանության կոռուպցիայի նոր ճարտարամիտ ձևերի մասին, երբ «այն, ինչն արգելված է, բայց սաստիկ ցանկալի», օրենքով կամ նորմատիվ ակտով պարզապես ձևակերպվում է որպես «այն, ինչ թույլատրելի է»։ Իսկ չէ՞ որ մինչև իշխանության գալը պետական պարտքի թեման ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի ամենասիրելի թեմաներից մեկն էր այն ժամանակ գործող աշխատակազմերին քննադատելու համար։
Իսկ ի՞նչ ունենք այդ առումով այսօր։ Անխնա քննադատվող կառավարությունից 2018 թվականի մայիսին ժառանգություն ստանալով 6,76 մլրդ դոլար ծավալի պետական պարտք՝ Փաշինյանի կառավարությունը հաջողացրեց 2,5 տարում ավելացնել դա 1,22 մլրդ դոլարով, հասցնելով գրեթե 8 մլրդ դոլարի: Ընդ որում պարտքի կուտակումը սկսվել է դեռ նախքան ֆորս-մաժորային հանգամանքների առաջացումը՝ կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն Արցախում:
Բայց դա էլ դեռ սահմանագիծը չէ. կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ մնացած երկու ամսվա ընթացքում հավաքել ևս մոտ 850 մլն դոլար, իսկ գալիք տարվա վերջին պետական պարտքը հասցնել 9,2 մլրդ դոլարի, ինչն էլ ամրագրված է պետբյուջե-2021-ի նախագծում։ Ստացվում է, որ բացի ամենայնից նաև ապագա սերունդներին պարտքերի ծանր բեռ թողնելու անթույլատրելիության մասին կարգախոսներով իշխանության եկած Փաշինյանի կառավարությունն իր ապաշնորհ կառավարման ընդամենը երեք տարիների ընթացքում ավելացրել է երկրի պարտքային բեռը ավելի քան 2 մլրդ դոլարով։
Մասնավորապես, եթե նախկինում մեր վայ-վարչապետի աշխատակազմը հպարտորեն հայտարարում էր պետբյուջեի աջակցության վարկերից «աննախադեպ» (ինչպես միշտ) հրաժարման մասին, ապա համավարակի հենց սկզբից իշխանություններն արդեն հավանություն տվեցին ԱՄՀ-ից 248 մլն դոլարի վարկային գիծ ստանալուն՝ մինչև 420 մլն դոլարի հասցնելու հնարավորությամբ։ Ի դեպ, ԱՄՀ-ի որոշ թարմ գնահատականների մասին։ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի մոտ 7%-ով, իսկ պետբյուջեի դեֆիցիտը կաճի ՀՆԱ-ի նույն այդ 7%-ով, ինչն, իմիջիայլոց, ավելի բարձր է, քան Հայաստանի ֆինանսների նախարարության գնահատականները։ Կրկին մանիպուլյացիա թվերի հետ…
Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այս տարեվերջին այն կմոտենա ՀՆԱ-ի 69%-ի մակարդակի, իսկ 2021 թվականին կնվազի մինչև 65%: Մինչդեռ բյուջետային օրենքով սահմանված պետպարտքի առավելագույն շեմը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը. դա, իբր, այն «կարմիր գիծն» է, որը, ինչպես մեզ հավաստիացնում էին «իմքայլական» պատգամավորները, ոչ մի դեպքում չի կարելի հատել։ Բայց այդ ե՞րբ են «փաշինյանականներին» կասեցրել օրենքները, այդ թվում՝ իրենց իսկ ընդունած։ Վարկային համաձայնագրի մոնիտորինգի նպատակով վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքում ԱՄՀ առաքելության հայտարարության համաձայն, երկրի պետական պարտքը կհաջողվի իջեցնել ՀՆԱ-ի 60%-ից ցածր նպատակային մակարդակի միայն... 2026 թվականին: