Последние новости

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին և մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երևան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների և գիտնականների համար:

Զորյան ինստիտուտը 2018 թվականին համաձայնության հուշագիր է ստորագրել ՀԱՀ-ի հետ «Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոն» հիմնելու վերաբերյալ՝ ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի հարցազրույցները տառադարձելու, թարգմանելու և անգլերեն ենթավերնագրեր ավելացնելու նպատակով։

ՀԲԸՄ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը կենտրոնի գործունեության համակարգման գործում մեծ դեր է ունեցել հիմնադրման օրվանից ի վեր: Հարցին, թե ինչ նշանակություն ունի ՀԱՀ-ում Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, վերջինս ասաց.

 «Որպես կենտրոնի զարգացման թիմի անդամ, ես շատ ոգևորված եմ, քանզի կարծում եմ, որ կենտրոնը և այս հավաքածուն հսկայական ազդեցություն են ունենալու ՀԱՀ ուսանողների և հետազոտողների գիտական և հետազոտական աշխատանքների վրա: Ես հպարտ եմ զգում, որ իմ ներդրում ունեմ այս կենտրոնի ստեղծման գործում և անհամբեր սպասում եմ տեսնելու այն աշխատանքն ու հետազոտությունը, որը ծնունդ է առնելու հարցազրույցների այս հավաքածուից»։

ՀԱՀ-ի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյան, ով նաև Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնի կառավարման և աշխատանքների համակարգման պատասխանատուն է, նշում է.

«Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունները եզակի և անհատական մարդկային հոգիների հիշողություններ ու վկայություններ են, ովքեր ականատես են եղել և վերապրել են Հայոց ցեղասպանության վայրագությունները: «Զորյան ինստիտուտի և ՀԱՀ բանավոր պատմության կենտրոնի» համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ստանձնել այս վկայությունների պահպանության, ժողովածուի տառադարձման ու թարգմանության աշխատանքների վերահսկման և Հայաստանում դրանց հասանելիության համակարգման գործը»:

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը մեկնարկել է 1983 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ ժամանակի հետ նոսրանում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների շարքերը։ Այժմ այն իր տեսակի մեջ ամենամեծ տեսալսողական հավաքածուն է:

Տարիների ընթացքում բազմիցս վերահաստատվել է այն իրողությունը, որ սույն հավաքածուն շատ արժեքավոր ռեսուրս է հետազոտողների, գիտնականների և կինոգործիչների համար՝ հաշվի առնելով այն գիտական մոտեցումը, որն օգտագործվել է հարցազրույցի վարման և տեսանկարահանման ընթացքում։ Մշակվել է 90 հարցից բաղկացած հատուկ հարցաշար, որը ներկայացվել է չորս ընդհանուր խորագրի ներքո՝ քաղաքային/գյուղական կյանքը հայրենիքում, կոտորած և տեղահանություն հայրենիքից, որպես ներգաղթյալ ունեցած փորձառությունները, վերաբերմունք և մեկնաբանություն:

Նշվում է, որ այս հարցաշարը մանրաքնին մշակվել է տարբեր մասնագետների կողմից, այդ թվում՝ մարդաբանների, սոցիոլոգների և հոգեբանների: Այս հարցաթերթիկները ոչ միայն կոչված էին բացահայտելու Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն, այլ նաև մանրամասներ և արժեքավոր պատումներ ներկայացնելու Ցեղասպանությանը նախորդած հայ ժողովրդի կյանքի և գործունեության մասին։

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը խոսել է այն կարևորագույն նշանակության մասին, որը այս հավաքածուն ունի հետազոտողների համար

«Ինքս՝ որպես հետազոտող, աներևակայելի արժեքավոր եմ համարում Զորյան ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուն: Հետազոտության մեջ սկզբնաղբյուրային նշանակության վկայությունների օգտագործումը նպաստում է տարբեր տեսակետների և հայեցակարգերի ձևավորմանը, որոնք լրացնում են փաստագրված պատմության բացերը: Հավաքածուի մանրամասն ներկայացված քարտացուցակի շնորհիվ հնարավոր է լսել այս վկայությունները, առանձնացնել որևէ շրջանի մարդկանց պատմությունները, ապա մեկտեղելով ընդհանրական իրողությունները որոշակի պատկերացում կազմել տվյալ շրջանի մասին։ Ուրախ եմ, որ Զորյան ինստիտուտի և ՀԱՀ-ի համատեղ ջանքերով մենք կարող ենք այս հարցազրույցները հասանելի դարձնել աշխարհի հետազոտողներին»։

Բացի իր ակադեմիական արժեքից, հավաքածուի տեսողական բաղադրիչը տարիների ընթացքում գրավել է նաև մի շարք կինոգործիչների ուշադրությունը: Զորյան ինստիտուտի հարցազրույցները Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ երկու լիամետրաժ ֆիլմերի ոգեշնչման աղբյուր և ստեղծման հիմք են հանդիսացել: Կինոռեժիսոր Թեոդոր Բողոսյանի 1988 թվականի՝ Ամերիկայի հանրային հեռարձակման հիթ դարձած «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմը վկայակոչում է Մարիամ Դևիսի հարցազրույցը, որը ժողովածուի համար արված առաջին հարցազրույցը է։ «Բարս Մեդիան» ներկայացնող ռեժիսոր Իննա Սահակյանի բազմաթիվ մրցանակների արժանացած «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ Զորյան ինստիտուտի կատարած հարցազրույցի վրա։

Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում կատարվող աշխատանքների շրջանակում ՀԱՀ ուսանողներին է վստահվել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի բանավոր պատմության ծրագրի շրջանակներում իրականացվող հարցազրույցների տառադարձման և թարգմանության աշխատանքները։ Այս դեպքում ևս նպատակը նույնն է՝ թարգմանել հարցազրույցները անգլերեն և հասանելի դարձնել դրանք աշխարհի գիտնականներին և հետազոտողներին:

«Արմենպրես»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ