ՀՀ տնտեսությունը 2025 թ. 1-ին եռամսյակում աճել է 4.1 %-ով. վիճակագրական կոմիտե

ՀՀ տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1 %-ով։ Այս մասին այսօր տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշենք, որ 2024 թ. հունվար–մարտ ամիսներին 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ–ն աճել էր 10.8 %–ով:

Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թ. առաջին եռամսյակի համեմատ խիստ կրճատվել է արտաքին առևտրաշրջանառությունը` 54,2 %–ով։ Արտահանումը ևս կրճատվել է մոտ 2,5 անգամ` 61,8 %–ով` կազմելով 252.7 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ մոտ կրկնակի` 47,9 %–ով՝ կազմելով 405.2 մլրդ դրամ։

18,5 %–ով նվազել է նաև արդյունաբերական արտադրությունը։

Փոխարենը աճել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 10,5 %–ով, շինարարության ոլորտը՝ 13,6 %–ով, մեծածախ և մանրածախ առևտրի շրջանառությունը` 6 %–ով, ծառայությունների ոլորտի շրջանառությունը՝ 11,5 %–ով:

Նշենք, որ արդյունաբերության կտրուկ անկումը պայմանավորված է ոսկերչական իրերի համար ոսկու ձուլակտորների կոպիտ մշակման և վերաարտահանման կրճատմամբ:

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա այս ոլորտում արձանագրված աճն արագացել է այս տարվա սկզբից՝ հիմնականում ՏՏ–ի և բանկային հատվածի հաշվին։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` սպառողական գների ինդեքսը 2024 թ. հունվար– մարտի համեմատ այս տարվա 1–ին եռամսյակում աճել են 2.5 %։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտ ամսին կազմել է 392.78 դրամ։

Sputnik Արմենիա