Последние новости

ՀՅԴ․ Տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում չկա

ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձեւ զարգացում եւ էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան են վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը եւ միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս  տարի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայությունների եւ առեւտրի ոլորտները: Մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունը աճել է 1.9 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 6.4 տոկոսով: Նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թվականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին շինարարությունը աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտի աճի վրա դեռեւս մեծ ազդեցություն ունեն պետական վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը: Ի դեպ՝ հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհատվածի (Տրանշներ 1.-ը եւ 2.-ը) շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի սեպտեմբերին, սակայն շինարարության ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ երկարաձգվելու է շինարարական աշխատանքների ժամանակացույցը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բյուջեի վրա: Վստահաբար կարելի է նշել, որ հատկացված վարկային միջոցները բավարար չեն լինի ծրագիրը ավարտին հասցնելու համար:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին առեւտուրը աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 4.3 տոկոսով: Հատկանշական է, որ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում են, հրապարակում են միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության  աճի մասին, մինչդեռ նախորդ տարի ավելի քիչ ՀԴՄ կտրոններ տպագրելով՝  առեւտրի ոլորտն ավելի արագ է աճել: Հետեւաբար, Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման հիմքում առավել ընդգրկուն ցուցանիշներ պետք է դնել։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայության ոլորտը աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը ավելացել է 2,4 տոկոսով: Ծառայության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ եւ բանկային համակարգի ցուցանիշերի զգալի բարելավմամբ:

Տնտեսության վիճակը, ստվերայնության աստիճանը գնահատելու համար հաճախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության եւ իրացման ծավալների ցուցիչը: Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկումը գլխավորապես բացատրվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կրճատմամբ:

Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումը իր ազդեցությունն է թողել արտահանման եւ ներմուծման ցուցանիշների վրա, մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող եւ արտահանվող պնղձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԵՏՔԱԿԱՆ ԴԱՐՁԱՆ
      2020-11-27 09:44
      65

      Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։

    • ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
      2020-10-23 19:21
      831

      Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

    • ԻԲՐ ԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
      2020-10-08 21:28
      129

      Ինչպես նշել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում, վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպություններ և անհատներ հայտարարում են նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- նշել է նա:

    • ԿՈՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՊԵՏԿԱՌԱՎԱՐՈՒՄ
      2020-10-01 19:55
      953

      «ԳԱ»-ին տված հարցազրույցում կառավարման ոլորտի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆՆ առաջարկում է մեր երկրի տնտեսական խնդիրների լուծումն ու անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորություններ: